Khor Virap, Mount Ararat and the Great Wall
ACRCARMENIA-CHINARESEARCH CENTER亚美尼亚-中国研究中心
RESEARCHDIALOGUECOOPERATION

Կամրջելով մարդկանց, գաղափարներնու հնարավորություններըԵվրասիայի տարածքում

07 հոկտեմբերի, 2026 թ.

Դեպի ու՞ր են շարժվում հայ-չինական հարաբերությունները. Դրանք վերաիմաստավորելու պատմական հրամայականը

Քանի որ Չինաստանի դերը միջազգային համակարգում շարունակում է ընդլայնվել, Հայաստանը բախվում է Չինաստանի դերի վերագնահատման աճող անհրաժեշտության հետ իր երկարաժամկետ արտաքին և տնտեսական քաղաքականության մեջ: Դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումից ավելի քան երեք տասնամյակ անց հայ-չինական կապերը հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի, սակայն դրանց տնտեսական ներուժը մեծ մասամբ մնում է չիրացված:

Photo1

2026թ.-ի սեպտեմբերի 23-ին, տեղի ունեցավ Չինաստանի գերագույն առաջնորդ Սի Ծինփինի պաշտոնական այցը Վաշինգտոն: Այն աչքի ընկավ մեկ նշանավոր առանձնահատկությամբ՝ նախագահ Թրամփը օդանավակայանում անձամբ դիմավորեց նախագահ Սիին։ ԱՄՆ պատմության մեջ սա եզակի դեպքերից է, երբ նախագահը ինքն է դիմավորել օտարերկրյա առաջնորդին օդանավակայանում պաշտոնական այցի ժամանակ։ Առաջին նմանօրինակ դեպքը տեղի է ունեցել 1939թ.-ին, երբ Ֆրանկլին Ռուզվելտը դիմավորել էր Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ Վեցերորդին Յունիոն երկաթուղային կայարանում, իսկ երկրորդ դեպքը 1959թ.-ին, երբ նախագահ Էիզենհաուերը Էնդրյուսի ավիաբազայում դիմավորել էր ԽՍՀՄ առաջնորդ Նիկիտա Խրուշչովին։ 1939 և 1959թ.-երին համապատասխանաբար Մեծ Բրիտանիան և ԽՍՀՄ-ն հանդիսանում էին գերտերություններ։


Ամերիկյան և չինական մամուլները արդեն իսկ նշել են Թրամփի քայլի բացառիկությունը ԱՄՆ դիվանագիտական արձանագրության մեջ։ Մեծագույն հարգանքի սիմվոլիկ դրսևորում, թե այցի ռազմավարական կարևորության ընդգծում, այս քայլը լավագույնս է ի ցույց դնում փոփոխվող աշխարհի պատկերը։ 20-րդ դարի վերջին աշխարհը երկբևեռից դարձավ միաբևեռ, իսկ հիմա նորից մոտ է նրան, որպեսզի միաբևեռից անցում կատարի դեպի երկբևեռ համակարգի։  Աշխարհի տեխնոլոգիական բաժանումը փաստացի բաժանվել է երկու բևեռների՝ ԱՄՆ և Չինաստանի միջև։ Եվ չնայած նրան որ այս տարվա մայիսին Պեկինում Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը երկու երկրների հարաբերությունները որակեցին որպես «ռազմավարական կայունության կառուցողական հարաբերություններ», երկու երկրների միջև տեղի է ունենում կատաղի մրցակցություն գրեթե ամեն ոլորտում՝ արհեստական բանականությունից և տիեզերագնացությունից մինչև բժշկական տեխնոլոգիաներ։ Իսկ երկու երկրների տնտեսությունները միասին կազմում են համաշխարհային տնտեսության գրեթե կեսը։

ԱՄՆ հակակշիռ աշխարհաքաղաքական երկրորդ բևեռը փաստացի արդեն կայացել է, սակայն դե-յուրե այն դեռ չի ամրագրվել համաշխարհային կարգի հաստատման իրականության մեջ։ Փոփոխվող աշխարհի այս գործընթացում Հայաստանի կողմից պատմական հրամայական է հանդիսանում հայ-չինական հարաբերությունների վերաիմաստավորումը։

1992թ.-ի ապրիլին երբ Հայաստանը և Չինաստանը դիվանագիտական հարաբերություններ էին հաստատում, երկու երկրները գտնվում էին նմանօրինակ իրավիճակում ՝ երկու հին ազգեր, որոնք վերաիմաստավորում էին իրենց դերը նոր աշխարհում։ Հայաստանը նոր էր անկախացել ԽՍՀՄ-ից և իրականացրել հայ ժողովրդի սեփական պետականությունը ունենալու հազարամյա երազանքը, իսկ Չինաստանը երկու դար ծայրահեղ դժվարություններից հետո կանգնել էր տնտեսական բարեփոխումների, դեպի աշխարհը բացվելու և խաղաղ զարգացման ուղու վրա։ 1990-ականների սկզբին Հայաստանին և Չինաստանին միավորում էր մեկ ընդհանուր բնութագիր՝ երկու նոր զարգացող պետություն, որտեղ յուրաքանչյուրում կար հավատք և լավատեսության տեսլական ուղղված դեպի ապագան։

Հարաբերությունների հետագիծը

Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք տեղի ունեցավ ՀՀ նախագահի առաջին այցը Պեկին 1996թ.-ի մայիսին և հանդիպումները ՉԺՀ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Ցզյան Ցզեմինի, ինչպես նաև վարչապետ Լի Պենի հետ, ինչի արդյունքում ստորագրվեց բարեկամական հարաբերությունների հիմքերի վերաբերյալ համատեղ կոմյունիկե, որում ամրագրվեցին ինքնիշխանության, չմիջամտելու և փոխշահավետ համագործակցության սկզբունքները: Այն նախատեսում էր ձեռնարկությունների և բանկերի միջև կապերի զարգացում, ինչպես նաև համագործակցություն արդյունաբերության, գիտության, մշակույթի և տրանսպորտի ոլորտներում: Սկիզբ դրվեցին մշտական ​​դիվանագիտական ​​կապերին և դրվեց համագործակցության իրավական հիմքը։


Ռոբերտ Քոչարյանի օրոք հայ-չինական հարաբերությունները ստացան ավելի ընդգծված տնտեսական ուղղվածություն։ Տեր-Պետրոսյանի օրոք դրված դիվանագիտական հիմքը սկսեց լրացվել արդյունաբերական նախագծերով և քաղաքական կապերի ընդլայնմամբ։ Գլխավոր քաղաքական արդյունքը կարելի է համարել 2004թ.-ի սեպտեմբերի 27-ի երկու երկրների նախագահների համատեղ հայտարարությունը։ Այն հստակորեն սահմանեց առևտրատնտեսական համագործակցությունը որպես ապագա համագործակցության հիմնական ուղղվածություն։ Նախագահ Քոչարյանը շեշտը դրեց էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության և գիտության վրա։ Հու Ցզինտաոն աջակցեց չինական ներդրումների ընդլայնման քաղաքականությանը Հայաստանում և չինական ընկերությունների մասնակցությանը Հայաստանի ենթակառուցվածքների ծրագրերում։ Հայաստանը վերահաստատեց իր հավատարմությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին։

Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակաշրջանում հայ-չինական համագործակցությունը ընդլայնվեց՝ ներառելով արդյունաբերությունը, ֆինանսները, ենթակառուցվածքները և կրթությունը։ Դիվանագիտական հիմնական իրադարձությունը 2015թ.-ի մարտին նախագահ Սարգսյանի Չինաստան կատարած պետական այցն էր, որի արդյունքում համագործակցության պայմանագրային շրջանակը ընդլայնվեց։ Ստորագրվեցին  «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» ստեղծման գործում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր։

2018թ-ականի թավշյա հեղափոխությունը Հայաստանում միջազգային ասպարեզում որոշակի անհանգստություններ առաջացրեց երկրի արտաքին քաղաքականության շարունակականության վերաբերյալ, սակայն 2019-ի մայիսին Նիկոլ Փաշինյանի Պեկին այցի ընթացքում վերահաստատվեցին Հայաստանի ու Չինաստանի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունները։ 2025թ.-ի օգոստոսի 31-ին նախագահ Սի Ծինփինի և վարչապետ Փաշինյանի բանակցությունների արդյունքում հայ-չինական հարաբերությունները ստացան ռազմավարական գործընկերության կարգավիճակ։ Երկու կողմերը հայտարարել են «Գոտի և Ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության խորացման վերաբերյալ, իսկ Չինաստանը աջակցել է Հայաստանի ձգտմանը՝ Շանհայի Համագործակցության Կազմակերպությունում իր իրավական կարգավիճակը բարձրացնելու ուղղությամբ։

Ժամանակակից իրողությունները և մարտահրավերները

2027թ.-ի ապրիլին կլրանա հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը։ Անշուշտ երկու երկրները այսօր բոլորովին այլ պատկեր ունեն քան 1990-ականների սկզբին, երբ նրանք երկուսն էլ բռնում էին զարգացման ուղին։ Չնայած տնտեսական զարգացմանը, Հայաստանը այսօր էլ ունի գրեթե նույն աշխարհաքաղաքական կշիռը ինչ 35 տարի առաջ։ Չինաստանն իր հերթին զարգացող պետությունից վերածվել է համաշխարհային գերտերության, որը ունակ է ձեռնոց նետել Արևմուտքին։

Այսօր համաշխարհային աշխարհաքաղաքական իրողությունները նույնպես լիովին տարբերվում են 20-րդ դարի վերջին տասնամյակից։ 1970-երին չին-ամերիկյան հարաբերությունների կարգավորումից հետո Վաշինգտոնի քաղաքական և ակադեմիական լայն շրջանակներում կար համոզմունք, որ Չինաստանի տնտեսական զարգացումը բերելու է նաև քաղաքական համակարգի ազատականացմանը։ Եվ Չինաստանը շարժվելով Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Սինգապուրի օրինակով կդառնա ԱՄՆ գլխավորած լիբերալ աշխարհի մասը։ Սակայն 2010-ականներից ԱՄՆ քաղաքական վերնախավը վերջնականապես համոզվեց, որ Չինաստանը մտադիր չէ փոփոխել իր կառավարման քաղաքական կառուցվածքը, իսկ «չինական առանձնահատկությամբ սոցիալիզմը» կարող է նույնիսկ ավելի արդյունավետ գործել, քան դասական լիբերալ դեմոկրատիան։ Ամերիկացի քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման, ով 1990-ականներին հայտարարել էր «պատմության ավարտի» և լիբերալ դեմոկրատական համակարգի բացարձակ հաղթանակի մասին ստիպված էր ընդունել Չինաստանի կառավարման համակարգի արդյունավետությունը, որը ունակ է արագ ընդունել բարդ որոշումներ և իրականացնել դրանք։

Այսպիսով, Հայաստանի իշխանությունները կառուցելով երկրի միջնաժամկետ և երկարաժամկետ քաղաքականությունը պետք է հաշվի առնեն անվտանգային մարտահրավերները և չին­–ամերիկյան խորացող հակասությունները։

Այս երեք տասնամյակներին Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները զարգացել են կայուն կերպով, հասնելով ռազմավարական գործընկերության կարգավիճակի։ Ի տարբերություն այլ երկրների, որոնք Չինաստանի հետ մեծամասամբ զարգացրել են տնտեսական հարաբերությունները, Հայաստանի հարաբերությունները Չինաստանի հետ զարգացել են հիմնականում քաղաքական, մշակութային և կրթական ոլորտներում։ Ցավոք սրտի դեռևս չեն իրագործվել որևէ նշանավոր տնտեսական կամ ներդրումային նախագծեր։ Դա լավագույնս արտահայտվում է տարածաշրջանի երկրներում Չինաստանի կատարած ներդրումների մեջ։

Ըստ Եվրասիական Զարգացման Բանկի տվյալների՝ 2025թ.-ի առաջին կիսամյակի դրությամբ չինական ուղիղ ներդրումները Ադրբեջանում կազմել են 405 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Վրաստանում 280 միլիոն դոլար։ Հայաստանում դրանք կազմել են ընդամենը 5 միլիոն դոլար։

Հայաստանը ունենալով Չինաստանի ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ, և հանդիսանալով «Գոտի և Ճանապարհ» նախաձեռնության երկիր, կարող էր ներգրավել չինական լավագույն փորձը ենթակառուցվածքների զարգացման համար։ Այս ոլորտում Չինաստանը աշխարհում առաջատարներից  մեկն է, և Հայաստանը պետք է կենտրոնանա չինական խոշոր ընկերություններին Հայաստան ներգրավելու խնդրի վրա։ Օրինակ աշխարհի երկու ամենամեծ շինարարական ընկերությունները՝ Չինաստանի պետական ​​շինարարական ճարտարագիտական ​​կորպորացիան (CSCEC) և Չինաստանի երկաթուղային ճարտարագիտական ​​կորպորացիան (CREC) ավարտել կամ շահագործել են արտասահմանյան նախագծեր ավելի քան 100 երկրներում։ Հայաստանը հնարավորություն ունի ներգրավել նրանց երկրի ճանապարհների, կամուրջների, օդանավակայանների և մետրոպելիտենի ենթակառուցվածքների զարգացման համար։

Համագործակցության խորացման մյուս կարևոր ուղղությունը հանդիսանում է տեխնոլոգիական ոլորտը։ Չինաստանը այսօր նույնպես առաջատարներից մեկն է թվային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում։ Հայաստանը պետք է լրջորեն օգտվի լոգիստիկայի թվայնացման և վճարային թվային համակարգերի Չինաստանի լավագույն փորձից։

Հայաստանը իր հերթին պետք է դիրքավորի իրեն Չինաստանի համար որպես հանգուցային կենտրոն Հարավային Կովկասում «Գոտի և Ճանապարհ» նախաձեռնության համար, այսպիսով ապահովելով չինական ներդրումային նախագծերի և տեխնոլոգիաների ներթափանցումը երկիր։

Ամփոփելով կարող ենք ասել, որ Հայաստանը հանդիսանալով որպես Չինաստանի ռազմավարական գործընկեր այսօր ունի եզակի հնարավորություններ խթանելու երկրի տնտեսական զարգացումը, ներգրավելով չինական ընկերություններին Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման մեջ։ Այն պետք է ձգտի նաև ավելի մեծ դեր խաղալ Հարավային Կովկասում «Գոտի և Ճանապարհ» նախաձեռնության զարգացման մեջ, ինչպես նաև ընդլայնի իր ներգրավվածությունը Շանհայի Համագործակցության Կազմակերպության շրջանակներում։

Հայաստանը պետք է վերաիմաստավորի իր հարաբերությունները Չինաստանի հետ բոլոր ոլորտներում, քանի որ Չինաստանը այլևս այն երկիրը չէ, որի հետ Երևանը դիվանագիտական հարաբերություններ էր հաստատում 35 տարի առաջ։ Այսօր ի դեմս Չինաստանի Հայաստանը գործ ունի համաշխարհային երկրորդ բևեռի հետ։

Երևանը պետք է ճիշտ գնահատի բոլոր երկարաժամկետ աշխարհաքաղաքական մարտահրավերները և ընտրի դեպի զարգացում միտված ուղին, վերաիմաստավորելով և ճիշտ կերպով կառուցելով Չինաստանի հետ հարաբերությունները։


Հեղինակ՝ Վահան Գրիգորյան
Հոդվածն առաջին անգամ հրապարակվել է Panorama.am-ում 2026 թ. սեպտեմբերի 24-ին։